Image
Sarnaghbyur Kindergarten

Սառնաղբյուրի տաքուկ անկյունը

Image
Sarnaghbyur Kindergarten

Սառնաղբյուրը Շիրակի մարզի խոշոր գյուղական բնակավայրերից է՝ հայտնի որպես ուխտատեղի, իր գողտրիկ եկեղեցիներով և պատմամշակութային կառույցներով։ 3000-ին հասնող բնակչությամբ գյուղը Անի խոշորացված համայնքի կազմում է։ 

Image
Sarnaghbyur Kindergarten

Սառնաղբյուրի մանկապարտեզը տեղակայված է տիպային շինությունում, գործում է 1988 թվականից։ Գյուղի՝ 3-6 տարեկան մոտ 100 երեխաներից մանկապարտեզ են հաճախում 91-ը։ Մանկապարտեզում գործում է 4 խումբ՝ 1 կրտսեր, 1 միջին, 2 ավագ։ Մանկապարտեզի տնօրենը գյուղի բնակչուհի Եսթեր Արշակյանն է։ Տիկին Եսթերը 1995 թվականից աշխատել է մանկապարտեզում՝ որպես դաստիարակ, իսկ 2018 թվականից ղեկավարում է «Սառնաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը։

Image
Sarnaghbyur Kindergarten

Մանկապարտեզի շինությունը բավականին մեծ է իր տարածքով, խմբասենյակներով, հետևաբար, նաև խնդիրներով։ Սկսած 2004 թվականից մանկապարտեզը մասնակի վերանորոգվել է համայնքի միջոցներով։ Փոխվել է շենքի տանիքը, տեղադրվել են նոր պատուհաններ և ջեռուցման համակարգ։ Սակայն դեռևս 2022 թվականի սկզբին երկու խմբասենյակներում, որոնք ներառում են մեկական խաղասենյակ, ննջասենյակ, խոհանոց և սանհանգույց, իրավիճակը շարունակում էր վատթար մնալ։ Մանկապարտեզի մարզադահլիճը, որը նախատեսված էր երեխաների մարմնամարզության պարապմունքների համար, կիսավեր վիճակում էր։

Image
Sarnaghbyur Kindergarten

2022 թվականին «Յալկեզեան» հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ «Շեն» ԲՀԿ-ի կողմից մեկնարկեց մանկապարտեզի վերանորոգման ծրագիրը։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում էր 10․665․000 ՀՀ դրամ, որից համայնքի համաֆինանսավորումը՝ 2․500․000 ՀՀ դրամ։ Համայնքի ներդրումը մասամբ հոգաց շինարարական աշխատանքների կատարման ծախսերը։ Ծրագրի արդյունքում վերանորոգվեց մանկապարտեզի երկու խմբասենյակ՝ ընդհանուր 4 սենյակ 280 մ² տարածքով, և 60 մ² մակերեսով մարզադահլիճը։

Մանկապարտեզի ջեռուցումն իրականացվում է համայնքային միջոցներով։ Աշխատակազմը և սաները ձմեռային արձակուրդի համար ունեին ընդամենը մեկ ամիս։ Փետրվարին իր սառնորակ աղբյուրներով հայտնի գյուղի ամենատաք, լուսավոր և ջերմ կառույցը՝ մանկապարտեզը, վերսկսեց աշխատանքներն արդեն վերանորոգված և բարվոք խմբասենյակներում, որտեղ հարդարված պատերի թարմ գույներն ու սաների պայծառ ժպիտները համահունչ են։

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել