Վերադարձ դեպի բնություն - 2025
«Վերադարձ դեպի բնություն» ծրագիրն այս տարի մեկնարկեց հուլիսի 19-ին՝ «Շեն Ֆրանսիա» կազմակերպության ֆինանսական աջակցության շնորհիվ։
Ծրագրի հիմնական նպատակը Շիրակի մարզի անապահով ընտանիքների երեխաների համար ամառային ճամբարի կազմակերպումն է։ Այն իրականացվում է Եղնաջուր բնակավայրում՝ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի աջակցությամբ։
Ճամբարը երեխաներին հյուրընկալում է երկու հերթափոխով՝ յոթական օրով։ Երեխաների հավաքագրումն իրականացնում է Շիրակի թեմի մշակութային կենտրոնը։ Այս տարի ճամբարում իրենց ամառային հանգիստն անցկացրեցին Շիրակի մարզի տարբեր բնակավայրերից հավաքագրված 55 երեխաներ, որոնցից 13-ը՝ Շիրակի թեմի բարերար նորվեգացի Օլա Սիմոն Օստտվեիտի հովանավորությամբ։
Ինչպես ամեն տարի, այս անգամ նույնպես երեխաներն իրենց առօրյան անցկացրեցին շատ բուռն` մասնակցելով ակտիվ խաղերի ու արշավների, առաջին բուժօգնության, զինվորական պատրաստության, կրոնի, օտար լեզուների, բնապահպանության, սպորտի և այլ դասերի։ Երեխաները հատկապես տպավորված էին «Աղավնաբազե» որսորդմիության նախագահ Հովհաննես Խնուսյանի կողմից «Ձկնորսություն Հայաստանում» թեմայով անցկացրած սեմինարով։
Այս տարի ճամբարի ջոկատավարներին էին միացել նաև կամավորներ Նանե Ափրիկյանը, Միքայել Մուրադյանը և ֆրանսահայ Ռոզի Մանարյանը։ Նրանք նույնպես երեխաների առօրյան հագեցած էին դարձնում․ Նանեն՝ նկարչության, Ռոզին՝ ֆուտբոլի և ֆրանսերենի, իսկ Միքայելը՝ ձիավարության պարապմունքներով, որոնք արդեն պարտադիր են դարձել ճամբարի երեխաների համար։
Ճամբարական օրերն ավելի հետաքրքիր դարձրեցին արշավները դեպի Սբ․ Սարգիս Եկեղեցի, Վիշապաքար, Արփի լիճ և այլուր։ Արշավներից մեկի ժամանակ երեխաներն իրենց նախապես պատրաստած «երազանքի նավակները» բաց թողեցին Եղնաջուր գետը։
«Վերադարձ դեպի բնություն» ճամաբարի ավանդույթի համաձայն երկու հերթափոխն էլ ավարտվեց հրաժեշտի խարույկով, որի շուրջ երեխաները երգում էին, պարում ու կիսում իրենց անմոռանալի տպավորություններն ու հիշողությունները ճամբարից։