«Շեն»-ը մասնակցեց EURAF-ի 8-րդ եվրոպական համաժողովին
2026 թվականի հուլիսի 22-ից 26-ը Շվեյցարիայի Նոյշատել քաղաքում տեղի ունեցավ EURAF-ի 8-րդ եվրոպական համաժողովը։ Այն մեկ հարկի տակ էր հավաքել Եվրոպայից և այլ երկրներից ժամանած հետազոտողների, ֆերմերների, ոլորտի մասնագետների և այլ ներկայացուցիչների՝ ագրոանտառաբուծության տարածմանն ուղղված գիտելիքներ, հետազոտություններ և գործնական լուծումներ փոխանակելու նպատակով։
EURAF-ը՝ Եվրոպական ագրոանտառաբուծության ֆեդերացիան, միավորում է եվրոպական 22 երկրների ագրոանտառաբուծական միավորումներ և ոլորտում աշխատող հետազոտական կառույցներ։ Կազմակերպությունն իր համաժողովն անցկացնում է երկու տարին մեկ՝ ստեղծելով գիտելիքի, փորձի և մասնագիտական կապերի փոխանակման հարթակ։
2026 թվականի համաժողովի հիմնական թեմաներն էին՝
- Ագրոանտառաբուծությունը՝ փոփոխվող աշխարհում սննդի արտադրության համար,
- Ֆերմերներին հարմար ագրոանտառաբուծություն,
- Գյուղատնտեսության և բնության համատեղում,
- Ագրոանտառային համակարգերի նախագծում:
«Շեն»-ը ներկայացրեց Հայաստանի փորձը
Ագրոանտառաբուծությունը Հայաստանի «Շեն» ԲՀԿ-ի բնապահպանական աշխատանքի կարևոր ուղղություններից է։ Համաժողովը հնարավորություն տվեց ծանոթանալ եվրոպական փորձին, ստեղծել նոր մասնագիտական կապեր և ներկայացնել Հայաստանում համայնքների հետ իրականացվող աշխատանքի փորձը։
«Շեն»-ի Անտառների և ագրոանտառաբուծության ինտեգրված փորձագետ Կատալինա Սանչեսը համաժողովին մասնակցեց Գերմանիայում «Շեն»-ի երկար տարիների աջակից Brot für die Welt կազմակերպության աջակցությամբ։
Հուլիսի 25-ին Կատալինան մասնակցեց «Ագրոանտառաբուծության սոցիալական հեռանկարները» խորագրով նիստին՝ Շվեյցարիայի Անտառների, ձյան և լանդշաֆտների դաշնային հետազոտական ինստիտուտի (WSL) ներկայացուցիչ Տոբիաս Կյունհանցի հետ։ Նրանք ներկայացրեցին «Ագրոանտառաբուծության և անտառվերականգնման միջև սիներգիաները․ համայնքային նախագիծ Հայաստանում» թեմայով զեկույցը։
Զեկույցի ընթացքում ներկայացվեց «FORACCA» ծրագիրը և Հայաստանի համայնքներում ագրոանտառային համակարգերի իրականացման «Շեն»-ի փորձը։
Եվրոպական փորձի ուսումնասիրություն
Համաժողովի շրջանակում հուլիսի 24-ին կազմակերպվեց նաև ուսումնական այց։ Մասնակիցներն այցելեցին Բեռնի Գյուղատնտեսության, անտառների և սննդի գիտությունների կիրառական համալսարանի պերմակուլտուրայի և անտառ-այգիների տարածքներ։ Նրանք այցելեցին նաև երկու ագրոանտառաբուծական տնտեսություն։
Այդ տնտեսություններից մեկում կիրառվում է ջրային կառավարման համակարգ՝ հիմնված «keyline» նախագծման մեթոդի վրա։ Համակարգը մշակել է դոկտոր Ֆիլիպ Գերհարդտը՝ Baumfeldwirtschaft Deutsche Agroforst GmbH-ից։ Նա աջակցում է «Շեն»-ին Թթուջուր և Բալաք բնակավայրերում գտնվող երկու ագրոանտառային տարածքների «keyline» համակարգերի նախագծման և կառուցման գործում։
Այցը հնարավորություն տվեց տեղում տեսնելու համակարգերի աշխատանքը և անմիջապես ծանոթանալու դրանց կիրառմանը։
Կլիմայի փոփոխությունն առավել հրատապ է դարձնում անցումը
Համաժողովի օրերին Նոյշատելում և Եվրոպայի մեծ մասում գրանցված շոգն ու երաշտը ևս մեկ անգամ ընդգծեցին կլիմայի փոփոխության ազդեցությունը գյուղատնտեսության և գյուղական համայնքների վրա։
Գյուղատնտեսությունը կարևոր դեր ունի ինչպես կլիմայի փոփոխության ազդեցություններին հարմարվելու, այնպես էլ դրանց մեղմման գործում։ Այս պայմաններում ագրոանտառաբուծությունն ավելի մեծ նշանակություն է ստանում։ Ծառերի և այլ փայտային բույսերի համադրումը գյուղատնտեսական արտադրության հետ կարող է նպաստել ավելի դիմակայուն հողօգտագործման համակարգերի ձևավորմանը և միաժամանակ նոր հնարավորություններ ստեղծել ֆերմերների համար։
Հայաստանում «Շեն»-ի աշխատանքը հիմնված է հենց այս մոտեցման վրա։ Կազմակերպությունը զարգացնում է համայնքային ագրոանտառային համակարգեր՝ համադրելով բնության վերականգնումը և տեղական տնտեսական հնարավորությունները։
Ավելի ամուր կապեր՝ ագրոանտառաբուծության զարգացման համար
EURAF-ի համաժողովը ցույց տվեց նաև, որ ագրոանտառաբուծության լայն տարածման համար միայն հետազոտություններն ու տեխնիկական գիտելիքը բավարար չեն։
Տեղական կարիքները, տնտեսական պայմանները, քաղաքականությունը և ավանդույթները կարևոր դեր ունեն նոր մոտեցումների ընդունման գործում։ Հետազոտողների, փորձագետների, ֆերմերների և համայնքների միջև ամուր կապերը նույնպես անհրաժեշտ են։
Գիտելիքի փոխանակումն ու մասնագիտական կապերի զարգացումը կարող են օգնել ստեղծելու ագրոանտառային համակարգեր, որոնք հաշվի են առնում տեղական պայմանները և նպաստում կլիմայակայուն գյուղատնտեսության զարգացմանը։
«Շեն»-ի համար EURAF-ի 8-րդ եվրոպական համաժողովին մասնակցությունը կարևոր քայլ էր եվրոպական ագրոանտառաբուծական համայնքի հետ կապերն ամրապնդելու և նոր գիտելիքն ու փորձը Հայաստան բերելու ուղղությամբ։ «Շեն»-ը նախատեսում է շարունակել այս համագործակցությունն ու փորձի փոխանակումը և սպասում է 2028 թվականին Իսպանիայում կայանալիք հաջորդ EURAF համաժողովին։