Image
Ahead of COP17 “Agroforestry for Biodiversity” Community Festival in Lernavan

COP17-ին ընդառաջ՝ «Ագրոանտառաբուծություն հանուն կենսաբազմազանության» համայնքային փառատոն Լեռնավանում

Ինչպե՞ս կարող են ծառերը, թռչուններն ու նույնիսկ փոքրիկ գիշատիչները դառնալ ֆերմերի դաշնակիցները, իսկ դպրոցի բակը՝ կենսաբազմազանությունը բացահայտելու հետաքրքիր վայր։ Այս հարցերի պատասխանները հոկտեմբերի 3-ին միասին փնտրում էին Լոռու մարզի Լեռնավան գյուղի բնակիչներն ու երեխաները՝ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնած և գերմանական ASA ծրագրի կամավորների ակտիվ աջակցությամբ կազմակերպված «Ագրոանտառաբուծություն հանուն կենսաբազմազանության» համայնքային փառատոնի ընթացքում։

Image
Ahead of COP17 “Agroforestry for Biodiversity” Community Festival in Lernavan

Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ՝ նպատակ ունենալով համաժողովի կենսաբազմազանության օրակարգը մոտեցնել գյուղական համայնքներին, բարձրացնել իրազեկվածությունը բնության պահպանության կարևորության մասին և ցույց տալ, թե ինչպես կարող են գյուղատնտեսությունն ու կենսաբազմազանությունը փոխլրացնել միմյանց։

Լեռնավանի ընտրությունը պատահական չէր։ 2025 թվականից «Շեն»-ն այստեղ աջակցում է ագրոանտառաբուծական տարածքի ստեղծմանը՝ տեղական նախաձեռնող խմբի և բնակիչների մասնակցությամբ։ Այս նախաձեռնությունը համայնքում կայուն հողօգտագործման և բնության պահպանության գործնական մոտեցումների զարգացման հնարավորություն է ստեղծում։

Երբ բնությունը դառնում է ֆերմերի դաշնակիցը

Լեռնավանի և հարակից բնակավայրերի ֆերմերների համար օրը սկսվեց մրցանակակիր «Vidas Suspendidas» կարճամետրաժ վավերագրական ֆիլմի դիտմամբ։ Ֆիլմը պատմում է Իսպանիայի ավանդական ագրոանտառաբուծական համակարգի՝ դեհեսայի (Dehesa) մասին և ցույց տալիս, թե ինչպես են հողի առողջությունը, գյուղատնտեսական գործունեությունն ու կենսաբազմազանությունը փոխկապակցված։

Հատկանշական է, որ միջոցառման շրջանակում «Շեն»-ը, ֆիլմի հեղինակի թույլտվությամբ, իրականացրել է ֆիլմի հայերեն թարգմանությունը։ Այժմ «Vidas Suspendidas»-ը հասանելի է նաև հայերեն ենթագրերով, ինչը հնարավորություն է տալիս հայալեզու լսարանին ծանոթանալու ագրոանտառաբուծության այս հետաքրքիր փորձին։

Image
Ahead of COP17 “Agroforestry for Biodiversity” Community Festival in Lernavan

The screening was followed by a lively discussion, allowing participants to reflect on the Spanish experience and compare it with the realities of rural communities in Armenia.

One farmer’s experience was particularly noteworthy. He shared that he had relied on chemical pesticides for many years but was now trying to transition towards biological pest control methods. He also expressed a strong interest in professional literature on sustainable agriculture and in the training courses organized by “Shen” for agricultural consultants.

Ֆիլմի ցուցադրությանը հաջորդեց աշխույժ քննարկում՝ հնարավորություն տալով մասնակիցներին համեմատել իսպանական փորձը Հայաստանի գյուղական համայնքների իրականության հետ։

Image
Ahead of COP17 “Agroforestry for Biodiversity” Community Festival in Lernavan

Հատկապես ուշագրավ էր մասնակից ֆերմերներից մեկի փորձառությունը։ Նա պատմեց, որ երկար տարիներ օգտագործել է քիմիական թունաքիմիկատներ, սակայն այժմ փորձում է անցնել վնասատուների դեմ պայքարի կենսաբանական մեթոդների։ Ֆերմերը նաև հետաքրքրված էր կայուն գյուղատնտեսության վերաբերյալ մասնագիտական գրականությամբ և «Շեն»-ի կազմակերպած գյուղատնտեսական խորհրդատուների վերապատրաստման դասընթացներով։

Այս պատմությունը լավագույնս արտահայտում էր օրվա կարևոր ուղերձներից մեկը․ կայուն գյուղատնտեսության ճանապարհը սկսվում է նոր գիտելիքի նկատմամբ հետաքրքրությունից և բնության հետ համագործակցելու պատրաստակամությունից։

Քննարկումը շարունակվեց «Շեն»-ի ագրոանտառաբուծության փորձագետի ներկայացմամբ, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան գյուղատնտեսական հողերում ծառերի կարևոր դերին՝ կենսաբազմազանության պահպանության, էկոհամակարգերի կայունության և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության բարձրացման տեսանկյունից։

Առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրին նաև վնասատուների բնական վերահսկման գործնական օրինակները։ «Շեն»-ի ագրոանտառաբուծության մասնագետը ներկայացրեց, թե ինչպես կարելի է Լեռնավանի պայմաններում բվերի համար նստատեղեր տեղադրելու կամ քարերի կույտերով փոքր գիշատիչների, օրինակ՝ աքիսների համար ապաստարաններ ստեղծելու միջոցով նպաստել վնասատուների թվաքանակի բնական կարգավորմանը՝ նվազեցնելով թունաքիմիկատների անհրաժեշտությունը։

Այս պարզ, բայց հետաքրքիր օրինակները ցույց տվեցին, որ կենսաբազմազանությունը ոչ միայն պահպանության կարիք ունեցող արժեք է, այլև գյուղատնտեսության կարևոր բնական գործընկեր։

Բնությունը՝ երեխաների աչքերով
Image
Ahead of COP17 “Agroforestry for Biodiversity” Community Festival in Lernavan

Մինչ մեծահասակները քննարկում էին ագրոանտառաբուծության հնարավորությունները, Լեռնավանի դպրոցում բոլորովին այլ, բայց նույնքան հետաքրքիր բացահայտումներ էին տեղի ունենում։

5-13 տարեկան երեխաները խաղերի, դիտարկումների և ստեղծագործական առաջադրանքների միջոցով ծանոթանում էին կենսաբազմազանության գաղափարին։

Երբ երեխաներին հարցրին, թե ինչ է իրենց համար կենսաբազմազանությունը, պատասխաններում հնչեցին բնության, կենդանիների, ծաղիկների և իրենց շրջապատող կենդանի աշխարհի մասին պատկերացումներ։ Պարզ դարձավ, որ երեխաներն արդեն իսկ բնությունն ընկալում են որպես իրենց առօրյայի անբաժանելի մաս։

Image
Ahead of COP17 “Agroforestry for Biodiversity” Community Festival in Lernavan

Նրանք դիտեցին նաև բնության պահպանության մասին պատմող «The Lorax» մուլտֆիլմի հատվածներ, իսկ հետո իրենց հետաքրքրասիրությունը տեղափոխեցին դպրոցի բակ։

Խոշորացույցներով զինված փոքրիկ հետազոտողները սկսեցին փնտրել ու դիտարկել շրջակայքում հանդիպող կենդանի օրգանիզմներին՝ բացահայտելով, որ հետաքրքիր բնաշխարհ գտնելու համար ամենևին պարտադիր չէ հեռու գնալ։ Երբեմն բավական է պարզապես ուշադիր նայել ոտքերի տակ կամ շրջակա բույսերին։

Image
Ahead of COP17 “Agroforestry for Biodiversity” Community Festival in Lernavan

Երեխաներին առաջարկվեց նաև պատկերել, թե ինչպիսին են իրենք ցանկանում տեսնել բնությունը։ Նրանց երևակայության շնորհիվ թղթի վրա աստիճանաբար ծնվեց գունեղ, բազմազան և կյանքով լի էկոհամակարգ՝ բույսերով, ծաղիկներով ու կենդանիներով։

Եվ թերևս հենց այստեղ էր օրվա ամենագեղեցիկ բացահայտումներից մեկը․ երեխաների պատկերացրած առողջ բնությունը բազմազան էր, հարուստ և լի կյանքով։

Մեկ համայնք, տարբեր սերունդներ, մեկ ընդհանուր նպատակ

Միջոցառման նախապատրաստման և իրականացման գործում առանձնահատուկ ներդրում ունեցան «Շեն» ԲՀԿ-ի հետ համագործակցող գերմանական ASA ծրագրի կամավորները։ Իրենց եռանդով, ստեղծագործական մոտեցումներով և մեծ նվիրումով նրանք աջակցեցին կազմակերպչական աշխատանքներին, ինչպես նաև մեծահասակների և երեխաների համար նախատեսված կրթական ու ճանաչողական գործողությունների իրականացմանը։ Նրանց մասնակցությունը միջազգային կամավորական համագործակցության գեղեցիկ օրինակ դարձավ՝ միավորելով տարբեր փորձառություններն ու գաղափարները կենսաբազմազանության պահպանության ընդհանուր նպատակի շուրջ։ 

Image
Ahead of COP17 “Agroforestry for Biodiversity” Community Festival in Lernavan

Օրվա ավարտին մեծահասակներն ու երեխաները հավաքվեցին համատեղ ճաշի շուրջ՝ կիսվելու իրենց տպավորություններով, նոր գիտելիքներով և բացահայտումներով։

Մեկ օրվա ընթացքում նրանք կենսաբազմազանությանը մոտեցել էին տարբեր ճանապարհներով․ ֆերմերները՝ գյուղատնտեսական փորձի և գործնական լուծումների քննարկման, իսկ երեխաները՝ խաղի, դիտարկման և ստեղծագործական երևակայության միջոցով։ 

Image
Ahead of COP17 “Agroforestry for Biodiversity” Community Festival in Lernavan

Սակայն բոլորին միավորում էր նույն գաղափարը․ բնության պահպանությունը սկսվում է այն ճանաչելուց, հասկանալուց և արժևորելուց։ 

COP17-ին ընդառաջ Լեռնավանում անցկացված այս համայնքային միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծեց, որ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային նպատակները կարող են իմաստավորվել հենց համայնքներում՝ ֆերմերի հողամասում, գյուղի ագրոանտառաբուծական տարածքում կամ դպրոցի բակում։

Որովհետև կենսաբազմազանությունը միայն հեռավոր անտառներում ու պահպանվող տարածքներում չէ։ Այն մեր շուրջն է, մեր առօրյայում, և դրա ապագան կախված է նաև մեր ամենօրյա ընտրություններից։

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել