COP17. «Շեն» ԲՀԿ-ն կարևորել է Հայաստանի դաշտապաշտպան անտառաշերտերի վերականգնումը
Հոկտեմբերի 19-ին Երևանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում «Շեն» ԲՀԿ-ն կազմակերպեց «Վերականգնելով Հայաստանի կանաչ պաշտպանական գոտիները» խորագրով պանելային քննարկում։
Քննարկումը տեղի ունեցավ COP17-ի Կապույտ գոտում (Blue Zone)՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տաղավարում։
Պանելային քննարկումը վարեց «Սոլյուտոն» ՍՊԸ-ի էկոհամակարգերի և լանդշաֆտների պահպանության բաժնի ղեկավար Արեգ Կարապետյանը։ Որպես խոսնակներ հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարարության բուսաբուծության վարչության պետ Վարսիկ Մարտիրոսյանը, «Շեն» ԲՀԿ վարչության նախագահ Հայկ Մինասյանը, «A Tree for You» հասարակական կազմակերպության գործընկերությունների ղեկավար Սեսիլ Աստիեն, Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի բնահեն լուծումների ծրագրի պատասխանատու Միլիցա Ռադանովիչը և Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Անուշ Ստեփանյանը։
Այսպիսով, միջոցառումը համախմբեց հայաստանյան և միջազգային փորձագետների՝ քննարկելու դաշտապաշտպան անտառաշերտերի վերականգնման նշանակությունը՝ որպես բնահեն լուծում կենսաբազմազանության պահպանման, կլիմայի փոփոխությանը հարմարվելու և գյուղատնտեսական լանդշաֆտների դիմակայունության բարձրացման համար։
Դաշտապաշտպան անտառաշերտերը կարևոր դեր ունեն գյուղատնտեսական հողերի պաշտպանության գործում։ Դրանք նպաստում են հողերի քամու էրոզիայի նվազեցմանը, կենսաբազմազանության պահպանմանը և էկոհամակարգերի վերականգնմանը՝ միաժամանակ նպաստավոր պայմաններ ստեղծելով կայուն գյուղատնտեսության զարգացման համար։
«Հայաստանի դաշտապաշտպան անտառաշերտերի վերականգնումը պարզապես ծառատունկ չէ։ Դա մեր գյուղատնտեսական հողերի պաշտպանությունն է, կենսաբազմազանության ամրապնդումը և գյուղական համայնքների դիմակայունության բարձրացումը», - քննարկման ընթացքում ընդգծեց «Շեն» ԲՀԿ վարչության նախագահ Հայկ Մինասյանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում «Շեն» ԲՀԿ-ի իրականացրած և ընթացիկ նախաձեռնություններին, դրանցից քաղված դասերին, ինչպես նաև դաշտապաշտպան անտառաշերտերի վերականգնման աշխատանքներն ընդլայնելու հնարավորություններին։
«Շեն»-ն արդեն ունի ագրոանտառաբուծական համակարգերի զարգացման և դաշտապաշտպան անտառաշերտերի հիմնման գործնական փորձ։ Մասնավորապես, 2024 թվականին Լոռու մարզի Շենավան բնակավայրում մեկնարկել է 7 հա տարածքի ագրոանտառաբուծական վերականգնման ծրագիր, որի շրջանակում հիմնվել է նաև բարդիների դաշտապաշտպան անտառաշերտ։
Այս աշխատանքները շարունակվում և ընդլայնվում են նաև «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) ծրագրի շրջանակում, որով նախատեսվում է Հայաստանի հինգ մարզերում հիմնել ընդհանուր 60 հա ագրոանտառային համակարգեր և դաշտապաշտպան անտառաշերտեր։
COP17-ի շրջանակում կազմակերպված քննարկումը հնարավորություն տվեց մասնագիտական փորձի փոխանակման և դաշտապաշտպան անտառաշերտերի վերականգնման ուղղությամբ հետագա համագործակցության հնարավորությունների դիտարկման համար։
Դաշտապաշտպան անտառաշերտերի վերականգնումը երկարաժամկետ ներդրում է Հայաստանի բնական էկոհամակարգերի պահպանման, գյուղատնտեսության կայունության և գյուղական համայնքների դիմակայուն ապագայի ապահովման գործում։