Շեն Ֆրանսիայի պատվիրակությունը Շիրակի մարզի գյուղերում
Մայիսի 3-4-ը «Շեն Ֆրանսիա» կազմակերպության պատվիրակությունն այցելեց Շիրակի մարզ՝ ծանոթանալու «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացրած համայնքային զարգացման ծրագրերին։
Պատվիրակությունն այցելեց Մեղրաշեն գյուղ, որտեղ «Շեն»-ի աջակցությամբ հիմնված գյուղատնտեսական կոոպերատիվն զբաղվում է սերմերի զտմամբ, ախտահանմամբ և դասակարգմամբ։ Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է տեղական սերմերի որակի բարելավման և սերմնաբուծության ուղղությամբ։
Հաջորդ կանգառը Ջրառատ գյուղն էր, որտեղ հյուրերին դիմավորեցին ուրախ ու ջերմ մթնոլորտում։ Այստեղ նրանք այցելեցին «Շեն»-ի աջակցությամբ ֆրանսիական «Այո» երիտասարդական կազմակերպության կողմից նորոգված պարի սրահը։ Վերանորոգումից հետո այն վերածվել է ոչ միայն մշակութային կենտրոնի, այլև համայնքային համախմբման կարևոր հարթակի։ Գյուղի երիտասարդներն ու երեխաները հյուրերի համար միջոցառում էին կազմակերպել, որն այնքան ոգեշնչող էր, որ պատվիրակության անդամները միացան երեխաներին և հայկական ավանդական շուրջպար բռնեցին։
Ջրառատում և հարևան Կառնուտում «Շեն Ֆրանսիայի» ներկայացուցիչները հանդիպեցին նաև երիտասարդ գյուղատնտեսների։ Նրանք համախմբվել են մեկ մարկետինգային խմբում՝ ստեղծելու նոր մոտեցումներ գյուղատնտեսության մեջ։ Նրանց նպատակն է գյուղատնտեսությունը դարձնել ոչ միայն եկամտաբեր և կայուն, այլև գրավիչ երիտասարդ սերնդի համար։ Խումբը նպատակ ունի ապացուցել, որ գյուղում ապրելն ու արարելը կարող է լինել հեռանկարային և արժանապատիվ ընտրություն։
«Շեն Ֆրանսիա» կազմակերպության այցը ևս մեկ անգամ հաստատեց, որ գյուղական համայնքների զարգացումը հնարավոր է միայն համատեղ ջանքերով, փոխադարձ հարգանքով և շարունակական աջակցությամբ։ Շիրակի մարզում իրականացված ծրագրերի հաջողությունները ոգեշնչող են և վստահություն են ներշնչում ապագայի հանդեպ։